Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Չեմ կարծում, թե կողմերն այնքան անխոհեմ ու անզգույշ կլինեն, որ թույլ կտան մարտի 1-ի կրկնություն»

«Չեմ կարծում, թե կողմերն այնքան անխոհեմ ու անզգույշ կլինեն, որ թույլ կտան մարտի 1-ի կրկնություն»
29.05.2009 | 00:00

«ՕԵԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ ՉԵՆ»
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ամփոփում ու հավանական զարգացումները մեկնաբանում է Ռազմավարական-ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, վերլուծաբան ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Պարոն Սարգսյան, ընտրարշավն ավարտվում է, մայիսի 31-ին քվեարկությունն է։ Ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք քաղաքական ուժերի քարոզչությունից, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ ի հայտ եկան, ո՞ւմ կողմն է ընտրողների մեծամասնության համակրանքը։
-Քաղաքական տեխնոլոգիաների առումով նոր բան չկար։ Մոտեցումների տարբերություն նկատվեց իշխանական ճամբարում, ինչը կանխատեսված չէր, և հիմնական անսպասելիությունը, ինչ-որ առումով, դա էր։
-ՀՀԿ-ԲՀԿ հակասություննե՞րը նկատի ունեք։
-Դժվար է ասել` դա հակասությո՞ւն էր, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ իշխանությունն ի սկզբանե փորձել է հաշվարկել հնարավոր զարգացումները։ Որքան տեղյակ եմ, ըստ օրենքի, եթե քաղաքական ուժերից մեկն ապահովում է 41 տոկոս քվե, դա արդեն հաղթանակ է, և նա իրավունք է ստանում քաղաքապետի թեկնածու առաջադրելու։ Սակայն եթե իշխանությունը միասնական կոալիցիայով դուրս գար արմատական ընդդիմության դեմ, բազմաթիվ գործոններից ելնելով, գրեթե անհավանական է, որ կկարողանար քիչ թե շատ մաքուր հաղթանակ ապահովել։ Իսկ այսպես, երբ իշխանական կուսակցություններն առանձին-առանձին են մասնակցում ընտրապայքարին, թերևս, կա ակնկալիք, որ հնարավոր կլինի ժողովրդի ձայները «ջարդել», մասնատել և այդպիսով ունենալ մեծամասնություն։ Այդպիսի պայմաններում, եթե անգամ ընդդիմությունը 39 տոկոս ձայն ստանա, իշխանությունն իր ընդհանրության մեջ կարող է հաղթանակ տանել, այսինքն` առաջադրել ապագա քաղաքապետին։
-Ըստ Ձեզ, ստացվում է, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև պայքարը մի տեսակ կեղծ է կամ սարքովի՞։
-Ես չեմ կարծում, թե ամեն ինչ համակարգված է։ Ասենք` բարձրագույն իշխանությունը կարող է իր նախաձեռնությամբ տարանջատել կոալիցիայի կուսակցություններին, երկու առավել ուժեղներին նետել ասպարեզ ու ասել` ո՛ր մեկդ ավելի շատ քվե կստանա, նա էլ քաղաքապետ կունենա։ Այդքանով հանդերձ սա բնավ չի նշանակում, որ դա իշխանական խաղ չէ։ Եթե, ասենք, հաղթանակ տանի ԲՀԿ-ն, կարելի է ներկայացնել այնպես, որ ընտրությունները մաքուր են անցել, քանի որ հիմնական իշխանական կուսակցությունը` ՀՀԿ-ն, չի հաղթել։ Այս համատեքստում հիմնական խնդիրը քաղաքն ընդդիմությանը չհանձնելն է։ Այլ հարց է, թե կոալիցիայի կուսակցություններից ամեն մեկն իր համար ինչ է որոշել։ Հնարավոր է, որ նույն ԲՀԿ-ն որոշել է օգտվել իրավիճակից և Երևանում վերցնել քաղաքային իշխանությունը։
- ԲՀԿ-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանը չի՞ կանգնած։
-Միարժեք ոչ, դա ակնհայտ է։ ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանը հստակ տարաբաժանվեց Քոչարյանից։ Չմոռանանք, որ այդ համագումարն անցավ Սերժ Սարգսյանի ընդգծված հովանու ներքո։ Ըստ այդմ, ԲՀԿ-ն միարժեք իշխանական դաշտում է, լոյալ է Սերժ Սարգսյանի նկատմամբ, և նրա գործողություններն էլ միտված են բացառապես ընդդիմության ճանապարհը փակելուն։
-Այնուհանդերձ, դատելով ընտրարշավից, իշխանական ո՞ր ուժի վարկանիշն է ավելի բարձր։
-Եկեք ընդունենք, որ Հայաստանում իշխանական կուսակցությունների վարկանիշը ուղղակիորեն կախված է վարչական ռեսուրսից և այն բանից, թե ինչպես այն կաշխատի։ Իշխանության հաղթելու հավանականությունը հիմնականում դրանից է կախված։ Օրինակ, 2004-ին Ստեփանակերտում այդ նույն վարչական ռեսուրսը լիարժեք չաշխատեց, ապահովեց ընդամենը 38 տոկոս ձայն իշխանության թեկնածուի համար, և քաղաքապետ դարձավ ընդդիմության ներկայացուցիչը։ Եթե Երևանում հիմա այդ ռեսուրսն արդյունավետ աշխատեցնել չհաջողվի, ես ուղղակի չգիտեմ, թե իշխանությունն այդ դեպքում ինչ է անելու։
-Դաշնակցությունն իշխանական խաղի մե՞ջ է, թե՞ ոչ։
-Դաշնակցությունը ոչ մեկին պետք չէ այդ խաղում, իշխանական դաշտի հիմնական և միակ խաղացողները ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են։ Այլ հարց է, որ եթե դաշնակցությունը կարողանա 7 տոկոս հավաքել, դա իշխանությանը ձեռնտու է այն առումով, որ կնպաստի ընդդիմության ձայների փոշիացմանը։ Միաժամանակ ՀՅԴ-ն հիմա ավելի ազատ է իր կողմնորոշումներում ու, կարծում եմ, կաշխատի որոշակի քվե ստանալ։ Բայց դա սկզբունքորեն չի հակասում իշխանության սցենարին։
Սակայն իրադրությունը շատ հակասական է։ Օրինակ, երբ կառավարությունը խորհրդարան է բերում հարկային օրենսդրության փոփոխությունների նախագիծ, և այն հանդիպում է խոշոր գործարարների, օլիգարխների ակնհայտ դիմադրությանը, արդեն հարց է առաջանում, թե ինչպե՞ս նրանք իրենց կդրսևորեն ընտրությունների նախաշեմին։ Այսինքն, այդ դժգոհությունը կարող է վերածվել գործոնի, որովհետև պրոբլեմ գոյություն ունի։ Ըստ այդմ, վարչական ռեսուրս ասածը, որի մի մասն էլ նույն օլիգարխները, խոշոր գործարարներն են, կարող է և այնպես չաշխատել, ինչպես նախկինում։ Այդ իմաստով ես չգիտեմ, թե հիմա ինչ վիճակ է իշխանական ճամբարում, արդյո՞ք հաջողվել է իշխանությանը` հարթել խոշոր տնտեսավարողների հետ առաջացած ակնհայտ հակասությունները։
-Հայ ազգային կոնգրեսի ընտրարշավից ի՞նչ տպավորություն ստացաք։
-Ընդդիմությունն ընտրարշավը տարավ շատ ավելի հանգիստ տեմպերով, քան ես սպասում էի։ Որովհետև կար տպավորություն, թե ընդդիմության կողմից Երևանում ունեցած բոլոր ռեզերվները գործի կդրվեն։ Մինչդեռ ընդդիմության գործելաոճից այն տպավորությունը ստեղծվեց, որ առանց հատուկ ջանքերի պարզապես հանդիպումներ են անցկացվում ժողովրդի հետ։
-Միգուցե ընդդիմությունն այլևս նախկին ռեսուրսները չունի՞։
-Քարոզարշավից պետք չէ այդպիսի հետևություններ անել։ Միգուցե իրենք սոցհարցումներ են անցկացրել և ունեն իրական արդյունքները, գիտեն, որ իրենց վարկանիշը բարձր է։ Դրա համար էլ հանդիպում են ժողովրդի հետ, հանգիստ խոսում ու գնում տուն։ Այսինքն, ընդդիմությունը պահպանում է ռեսուրսներն ընտրությունների օրվան և հետընտրական զարգացումներին պատրաստ լինելու համար։ Անկասկած, որոշ հետևություններ են արել մարտի 1-ի իրադարձություններից և հասկացել են, որ իրենց գլխավոր խնդիրը մեկն է` թույլ չտալ կեղծել ընտրությունները։
-Առհասարակ, Դուք սոցհարցումներին հավատո՞ւմ եք։
-Այս անգամ մի շատ բնորոշ հանգամանք կար բոլոր սոցհարցումներում. անգամ իշխանական ճամբարի հայտնի սոցիոլոգները շատ զգուշավոր էին իրենց կանխատեսումներում և այնպիսի թվեր չէին հրապարակում, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ։ Սա արդեն ցույց է տալիս, որ ընդդիմությունը զգալի առավելություն ունի։ Եթե իշխանական կուսակցությունները հանրահավաքներ են կազմակերպում, և ժողովուրդը գալիս է ավտոբուսներով, ուրեմն դա այն ժողովուրդը չէ, որ գալիս է ընդդիմության հավաքներին` սեփական ոտքով։ Մի կարևոր գործոն էլ կա. Երևանում իշխանությունը երբևէ հաղթանակ չի տարել որևէ ընտրության ժամանակ։ Սա փաստ է։
-Համոզվա՞ծ եք, որ այդ սինդրոմն այս անգամ չի ջարդվի։
-Անհնարին է։ Կարող է պատահել, որ ընտրողների մի մասը չգնա ընտրության, բայց ընդհանուր պատկերը չի կարող առանձին որևէ իշխանական կուսակցության օգտին լինել, եթե ընտրությունները քիչ թե շատ մաքուր անցնեն։ Իշխանությունը կարող է ընդդիմության ձայները նվազեցնել մինչև 39 կամ 35 տոկոս, բայց ընդդիմությունը, իշխանական կուսակցություններից յուրաքանչյուրի հետ առանձին համեմատությամբ, ավելի շատ ձայն կստանա։ Այսինքն, որպես առանձին քաղաքական ուժ, միավորում, ՀԱԿ-ը, այսպես թե այնպես, կունենա ամենաշատ քվեները։ Այլ հարց է, որ իշխանության խնդիրն ընդդիմությանը որոշիչ մեծամասնություն չտալն է, որպեսզի կոալիցիայի կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, միասին կարողանան քաղաքապետ առաջադրել։
-ՕԵԿ-ին մոռացաք։
-ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն այս խաղում հիմնական դերակատար չեն։ Եթե Հայաստանում էլեկտորալ պրոցես լիներ, երբ քաղաքական ուժերը փորձում են ընտրազանգվածից քվե ստանալ, բոլորովին այլ վիճակ կլիներ։ Բայց մեզ մոտ ընտրազանգվածը միայն քաղաքական գործոն է, իսկ ընտրություններն էլեկտորալ չեն։ Այսինքն, հարցերը լուծվում են հանձնաժողովներում և այլ ձևերով։
-Ի՞նչ արդյունք կարող է արձանագրվել հունիսի 1-ին, և ի՞նչ հետընտրական զարգացումներ եք ենթադրում։
-Եթե իշխանությունը կարողանա վարչական մեքենան վերահսկողության տակ պահել և «աշխատեցնել» նախկին արդյունավետությամբ, ընտրությունների արդյունքը վերջնահաշվում կլինի իշխանական կուսակցությունների օգտին, որոնք էլ քաղաքային կոալիցիա կազմելու միջոցով քաղաքապետի թեկնածու կառաջադրեն։ Բայց այդ «եթե»-ն կա։
-Նկատի ունեք, որ արմատական ընդդիմությունը կբողոքի՞։
-Այստեղ դեռ հարց է, թե ընդդիմությունն ինչ որոշում կընդունի։ Իմ տպավորությամբ` վճռականությունն ընդդիմության շարքերում ավելի մեծ է, քան նախագահական ընտրությունների ժամանակ։ Բայց ինչ քայլերով կփորձեն ամրագրել այդ վճռականությունը, ես առայժմ չգիտեմ։ Չի բացառվում, որ իշխանական ճամբարում եղած թոհուբոհը չհաջողվի կարգավորել, վարչական ռեսուրսի ազդեցությունը կտրուկ կնվազի, և ընդդիմությունը կկարողանա օգտվել դրանից։ Կան տեսակետներ, որ իշխանությունների գործերն այդ մասով այնքան էլ լավ չեն. այս օրերին մամուլում շրջանառվում էին կարծիքներ, թե վարչական լծակները զուտ ֆորմալ են աշխատում, և վերջին պահին դա տապալելու է ամեն ինչ։ Ի վերջո, ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը, նրա կողմից նախատեսված վերջնական տարբերակները որո՞նք են։
-Դուք կարծում եք, որ նախագահը կհամաձայնի քաղաքային իշխանությունը հանձնել ընդդիմությա՞նը։
-Իհարկե, ո՛չ։ Բայց իշխանությունը բազմաթիվ պրոբլեմներ ունի։ Ֆինանսատնտեսական խոր ճգնաժամին զուգահեռ գոյություն ունի ներիշխանական պայքար, դրան գումարած պայքարն ավանդական, ընդդիմադիր ճակատում։ Այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող կանխատեսել ընտրությունների վերջնական արդյունքը։ Ամեն ինչ կամ-կամ-ի վրա է։ Կա՛մ իշխանությունը կկարողանա համատեղ ուժերով հարաբերական հաղթանակ տանել, կա՛մ արմատական ընդդիմությունն է հաղթելու։ Այսինքն, վարչական ռեսուրսը կա՛մ կաշխատի, կա՛մ կխափանվի։
-Արմատական ընդդիմությունը քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը վերահսկելու ռեսուրսներ ունի՞։
-Համենայն դեպս, հայտարարվել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է բոլոր ընտրատեղամասերի մոտ հավաքել իր կողմնակիցներին և ապահովել անհրաժեշտ ճնշում` կեղծիքներ թույլ չտալու համար։ Ընդդիմությունն ունի վստահված անձինք ու անդամներ հանձնաժողովներում։ Այս ամենը լուրջ գործոն է, որ կարող է զգալիորեն խափանել վարչական ռեսուրսի ազդեցությունը։ Դրան գումարած դաշնակցության գործոնը, որը ևս ներկայացուցիչներ ունի հանձնաժողովներում։ Այսինքն, եթե ակնհայտ կեղծիքներ լինեն, չի բացառվում, որ դաշնակցությունը, ինչ-որ իմաստով, ընդվզի։
-Ամենակարևոր հարցը, որ, թերևս, մտահոգում է հանրությանը. որպեսզի ևս մի մարտի 1 չլինի, ընտրությունները բախումով չավարտվեն։ Ձեր կարծիքը։
-Ես այդ տիպի զարգացումները տրամաբանորեն բացառում եմ։ Ամենից առաջ այն պատճառով, որ դա իշխանության համար կլինի վերջնական աղետ։ Մեկ տարի է իշխանությունը մի կերպ է կարողանում պահել այս փխրուն իրավիճակը` ներքին, տնտեսական, ֆինանսական, սոցիալական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Եթե այդպիսի ևս մի ցնցում լինի, այս համակարգը պահելն ուղղակի անհնար կդառնա, որովհետև դրա ռեսուրսներն էլ են սպառվում։ Սա միայն ներքին առումով, որովհետև ամենաբացասական բնույթի արտաքին զարգացումներ ևս կլինեն, որ աննախադեպ կթուլացնեն իշխանությանը։
Ընդդիմությունն էլ այնքան լավ է ճանաչում իշխանությանը, որ նրա գործողություններն էլ անհամեմատ ավելի հաշվարկված կլինեն։ Այսինքն, նախորդ փորձը հաշվի առնելով, երկու կողմերն էլ կաշխատեն այդպիսի ցնցում թույլ չտալ, որովհետև ժամանակը ցույց տվեց` դա հարցի լուծում չէ։ Մեկ տարի առաջ իշխանությունը դա չէր հասկանում, որովհետև չէր պատկերացնում հետևանքները։ Հիմա պատկերացնում է, որ այդպիսի ցնցում լինելու դեպքում այլևս հնարավոր չի լինի ընդդիմությանը սեղմել, կասեցնել, ինչ-որ մարդկանց բանտ նստեցնել ու դրանով հարցը լուծել։ ՈՒշադրություն դարձրեք, որ մեկ տարվա ընթացքում տասը մարդու սպանության գործը, բազմաթիվ ձգձգումներից հետո, դեռևս բացահայտված չէ, բայց իշխանությունը չկարողացավ խուսափել դրանից և հարկադրված եղավ առանձին քրեական գործ հարուցել։ ՈՒ այդ հարցի պատասխանը դեռ պետք է տրվի հասարակությանը։ Այս ամենը հաշվի առնելով` չեմ կարծում, թե կողմերն այնքան անխոհեմ ու անզգույշ կլինեն, որ մարտի 1-ի կրկնություն թույլ կտան։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ